Մուշեղ's profileԲարի Գալուստ Մուշեղ Յուզ...PhotosBlogNetwork Tools Help

Բարի Գալուստ Մուշեղ Յուզբաշյանի ստեղծագործական եզերքը

Մուշեղ

Location
mushegh.blogspot.com
www.namak.biz/chilly
November 11

Խառն եմ

Խառն եմ, Սիրելի՛ս...
Խառն է աշխարհը...
Ամեն բան գժվել,
Դարձել է դառը...
Չգիտեմ` ինչու՞,
Չգիտեմ ու՞մ հետ
Չգիտեմ թե ե՞րբ, ո՞ր գերեզմանում
Թաղեցի նախկին եսերս բոլոր
Ու հիմա այսպես կանգնել եմ մենակ... մերկ... խելագարված
Եվ հիմարի պես մերկությունս եմ քողարկում վերջին
Ճմրթված եսով...
Որտե՞ղ եմ, ո՞վ եմ...
Ինչու՞ եմ ապրում...
Քանի՞ անգամ եմ այսպես մեռնելու...
Մերկ, ու խելագար`
Աշխարհի նման:
Խառն եմ, Սիրելիս...
Նույնիսկ սիրելի՛ս...
Ամառս ասես գարուն է դարձել...
Իսկ գարուններս կորել են, չկա՛ն...
Ասես սպանել եմ...
Գուցե սպանե՞լ եմ, չգիտեմ... չկամ...
Բուք է ամենուր,
Ամենուր ավեր, փոթորիկ, աղմուկ,
Վե՞րջ...
Այսքա՞նն էր, հա՞
Իսկ դու՞
Չե՞ս թափի մի կաթիլ արցունք
Մեր չծնվելիք փոքրիկի վրա...
Գժվում եմ գուցե...
Կամ էլ էլ չկա՞մ...
Խնդրու՛մ եմ, արի,
Գտիր ինձ իմ մեջ...
Հանիր քաոսից իմ միայնության:
Հանիր ու թույլ տուր աչքերիդ նայել առանց ամոթի
Թույլ տուր ձեռքերիս
Ձուլվել քո մարմնի ամեն մի կետին...
Խառն եմ, Սիրելի՛ս...
Նույնիսկ գժվելիս...

Քեզ սիրելով...

Քեզ սիրելով տիեզերքս հասունանում,
Ու ամեն բան կարծես թե իր տեղն է տանում,
Քեզ սիրելով հարցերն իրենց պատասխանում
Ու առաջվա փակ դռներն էլ
Իրենք իրենց
Անկողպեք են հանկարծ դառնում...
Քեզ սիրելով ես վերանում,
Անէանում եմ իմ ներսում,
Ու Քո գոյի
Ամեն մասնիկն ինձնով լցնում,
Եվ ամեն մի մասնիկիդ մեջ
Կրկին ծնվում,
Կրկին սիրում,
Հետո նորից տիեզերքին եմ իմ տիրում,
Սակայն արդեն
Լուսավորված այլ մի լույսով,
Սակայն արդեն
Մշտագարուն...
Քեզ սիրելով նորի՛ց,
Նորից...
Նորից ինձ եմ վերադառնում,
Վերածնվում...
Եվ հի՛ն մի գիրք նորից,
Նորի՛ց...
Նորից բանում...
November 21

Մենախոսություն

Լինել... չլինել...
Լինել առանց քեզ...
Չլինել քեզ հետ...
Չլինել հոգուդ կայծակների մեջ,
Չլինել ինձ հետ...
Քեզ չսիրելով`
Ողջ տիեզերքում քեզ գերադասել,
Ու լքել նրանց, ովքեր սիրում են առանց սիրվելու...
Չլինել ոչինչ...
Դատարկ հույսերի դատարկված տոպրակ...
Խելագար վազքի ընթացքում դեմքիս
Մերթընդմերթ խփվող կաթիլների պես
Ես չեմ հասկանում, թե ու՞ր եմ ընկել,
Չեմ տեսնում էլ ինձ,
Չկա ոչ աշխարհն ու ոչ դու` կողքիս...
Ոչ մի տիեզերք ինձ չի պարուրում...
Ցնդել եմ:
Գիժ եմ:
Լացել եմ ուզում:
Չգիտեմ,
Հիմա ես ու՞ր եմ վազում...
Իմ տիեզերքում պայթյունի նման մի բան էր գվվում...
Խելագար եմ չէ՞...
Ձուլվել եմ քամուն
Ու հիմարի պես վազում եմ անդունդ...
Խելագար կյանքի խելագար ծնունդ...
Արթնանալ է պետք,
Սակայն չեմ կարող. արթուն եմ արդեն...
Ու գարուններս անէացել են...
Եվ իմ գարունը ես էլ չեմ տեսնում...
Կողակի՞ցս ես:
Է՞գս ես արդյոք
Ասա, գարունս որտե՞ղ ես պահել,
Կամ էլ ինձ լքիր
Ու գարունս ինձ կրկին կգտնի...
Լքիր ինձ...
Լքիր...
Լքիր ինձ...

May 14

Հարց

Անզոր ճիչը կոկորդումս հասունանում,
Ու պատռում է երազներիս պատյանը նուրբ,
Նրա մասին մտածելն իսկ՝ մեղք է թվում,
Նա մաքուր էր, անբասիր էր, գուցեև՝ սուրբ...

Զգացածիս գույնն ու համը կհասկանա
Լոկ միայն նա, ով կկարդա հոգիս մի օր,
Ա՛խ, ո՞վ է նա... հրեշտա՞կ է, թե՞ սատանա,
Մինչ ե՞րբ պիտի փնտրեմ նրան մտամոլոր...

Ռիմային... *** Մարիշին... *** Լիլիթին...


***

Քո գեղեցիկ աչքերի մեջ
Ինձ բերեցիր դու սեր անշեջ,
Ու երբ սրտիս նվիրական թաքստոցում
Բոցկլտում էր սերը հրաշք՝ քո նվիրած,
Դու սեթևեթ ...
Առաքինի ...
Ու սառցային – սառը խոսքով,
Ու ժպիտով երեսառած՝
Հետ վերցրեցիր իմ սրտի մեջ կանթեղ դարձած
Արև - սերը քո պարգևած,
Ու զարմացար՝
Թե ինչու՞ է իմ աչքերում կյանքը մեռած:

***

Հայտնվեցիր երազի պես,
Ու հեռացար ինչպես երազ,
Ինձ թողնելով անքուն գիշեր,
Մի քիչ ժպիտ, ու մի քիչ սեր...

Քո աչքերը

Քո աչքե˜րը...
Քո՜ աչքերը...
Գիշերները իմ հուշերին
Լույս են տալիս քո աչքերը,
Բոլոր տխուր, վատ պահերին
Հույս են տալիս քո աչքերը...
Ա՜յ հիմա նոր հասկանում եմ...
Քո աչքերը...
Ադամանդ են քո աչքերը,
Տիեզերքի ամենամեծ,
Անգին զարդն են քո աչքերը,
Էլ ի՞նչ ասեմ...
Քո աչքերին ինչ էլ ասեմ` քիչ կլինի..
Կուզե՞ս, բացեմ քեզ մի գաղտնիք.
Ես ... ՍԻՐՈՒՄ ԵՄ քո աչքերը:

Մագային... *** Ռիմային...

Գարնան շնչով

Գարնան շնչով, գարնան բույրով առլեցուն,
Քո վարսերը, ա՜խ, վարսերը քո սևիկ՝
Իմ հոգու մեջ արեգակներ են բացում
Եվ ցորենի հասկի երգը երգում ինձ:

Արևի պես, ու արևից էլ հզոր,
Քո աչքերը իմ աշխարհն են տաքացնում,
Ու ամեն պահ, քնած լինեմ, թե արթուն,
Աչքերիդ լույսն իմ հոգում հույս է բացում:
 
Ռոմանտիկ պատկեր

Ռոմանտիկ պատկեր...
Գնում է աղջիկն ու լաց է լինում,
Իսկ հեռու- հեռվում մի ջահել տղա
Իրեն կորած է արդեն համարում,
Ու հուսահատված, ու հուսալքված
Սրտի փոխարեն նա պոմպ է զգում,
Որ իր արյունն է ուղղակի քաշում ու տալիս գլխին...
Մի բան կա միայն տղայի մտքին.
Մեռնել է ուզում, մեռնել ու ոչինչ,
Ոչ մի պատառիկ աղջկա խոսքից,
Ոչ մի SMS ու ոչ մի ժպիտ
Չի ուզում հիշել:
Չի ուզում տեսնել
Ինքն իրեն անգամ նա հայելու մեջ...
Ռոմանտիկ է չէ՞...
Ու ծիծաղելի,
Ու ... թույլ, երևի...
Կարող եք ազատ, ու գուցե նաև, նույնիսկ՝ անպատիժ
Ծաղրել տղային...
Հիմա նա չկա, հիմա ՆԱ չկա...

Խոստովանանք... *** Գարուն է... *** Նամչուկին...

Խոստովանանք

Դու ուզու՞մ ես լսել
Անկեղծ խոստովանանք.
Դե, ուրեմն, լսիր
Ու մի շրջվիր երբեք,
Երբեք մի հեռանա
Մինչև վերջ չլսած.
Քեզ համար դա դատարկ,
Հասարակ մի բան է.
Ինչու՞ ես դու սիրում
Քեզ սիրողին տանջել...
Գիտե՞ս, միայն դու չես.
Մարդկությունն է այդպես:
Դու գիտե՞ս ինչ է սերը,
Ի՞նչ է նշանակում
Ինչ-որ մեկին սիրել,
Ինչ-որ մեկի համար
Գիշերը չքնել,
Ինչ-որ մեկի համար
Ինքդ քեզ մոռանալ,
Քեզանից հեռանալ
Ու կողքից քեզ դիտել,
Ու քեզ չճանաչել...
Դու ոչինչ չգիտես,
Չե՜ս կարող իմանալ.
Քո բնույթը չէ դա:
Քո սրտում բաբախող
Սառույցի այդ փոքրիկ
Ու դաժան կտորից
Դեռ կաթիլ չի կաթում,
Ժամանակն է, սակայն...
Ինչպիսի՞ն են թվում
Քո աչքերը հենց քեզ.
Դու տեսնու՞մ ես արդյոք
Դրանցում հրակեզ
Ճառագայթն այն ահեղ,
Որ այրում է սրտեր,
Արարում է մարտեր,
Որի մի հպումից
Այրվում են քաղաքներ...
Դու տեսնու՞մ ես արդյոք
Աչքերում քո լուսե
Լույսը այն հնազանդ,
Որ ենթարկում է իրեն
Տիեզերքներ անթիվ,
Ու սրտեր բազմազան:
Որ լոկ մի տեսնելով
Ստրկանում են հավետ
Սպարտակները բոլոր:
Սպասի՜ր, դեռ մի գնա,
Ես դեռ չեմ վերջացրել,
Այն, որ սիրում եմ քեզ`
Կարելի է պատմել
Տարիներ շարունակ,
Կարելի է պատմել
Ճիշտ այնքան ժամանակ,
Քանի երկիրը կա,
Քանի մարդկանց սրտում
Բաբախող սառույցի
Այդ փոքրիկ կտորից
Հազարից մի անգամ
Կաթիլներ են կաթում,
Երբ որ նրանց կողքին
Լինում է գեթ մի մարդ,
Որի գժված կրծքում
Սառույցի փոխարեն
Հրաբուխ է դրված...

Գարուն է

Գարուն է, սեր իմ,
Գարուն է եկել,
Ուզում եմ անվերջ
Գարունը երգել:

Գարուն ես, սեր իմ,
Լեցուն ես բույրով,
Լեցուն ես գարնան
Անուշ համբույրով:

Գարու՛ն իմ, սե՛ր իմ,
Արի դու ինձ մոտ,
Արի, համբուրեմ
Հոգիդ` դեռ ձյունոտ:

Գարուն է, սեր իմ,
Գարուն է եկել,
Ուզում եմ անվերջ
Գարունը երգել:


Նամչուկին... *** Ռիմային... *** Արմինեին...

 Թիթեռ

Կուզեի լինել թիթեռ սևաթև,
Այգուդ կածանի եզրին իջնեի,
Նայեիր դու ինձ, ու իմ թևերին
Քո հուր աչքերի հետքը թողնեիր:

Ու թռչեի ես հավերժի միջով.
Երկու ալմաստներ` թևերիս վրա,
Ու հիշեիր ինձ լռիկ հառաչով,
Եվ ափսոսանքով, որ արդեն ... չկամ
 
Թախիծ

Քո աչքերում թաքուն թախիծ նկատեցի,
Ու թախիծն այդ գաղտագողի սիրտս մտավ,
Ու իմ սերը քո թախիծին ես ձուլեցի,
Սակայն ավա՜ղ, քո թախիծը սեր չդարձավ...
 
 
Առավոտ

Թախծոտ շշուկներ, մշուշներ աղոտ...
Մրմունջներ թաքուն հնչեցին օդում
Ու երազանքիս մեջ` մի առավոտ...
Ու առավոտում մի հրաշք կար` դու...

Եվ առավոտի վաղորդյան օդում
Քո շնչի անուշ վարդաբույրը կար,
Ու քո աչքերի երկնագույն մովում
Ծագող արևի մեղմաշունչ մի կայծ...

Անէանալով իմ էությունից,
Քո էությանը ծածուկ դիպչելով,
Ես հեռանում եմ ինքս ինձանից՝
Հավերժ դեպի քեզ՝ քեզնից փախչելով...

HOMO - SAPIENS

Ինչու՞ ես ժպտում,
Երբ լացել է պետք,
Ինչու՞ ես լալիս,
Երբ խնդալ է պետք:
Ինչու՞ քո հոգու այդ բարկ արևից
Գորշ մթություն է տարածվում միայն
Ու տաքացնելու փոխարեն
Ավա՜ղ, մրսեցնում մարդկանց...
Ինչու՞ ես ապրում,
Երբ մեռնել է պետք,
Եւ կամ տառապում,
Երբ պետք է սիրել...
Հանի՛ր քո միջից
Ոգին այդ թշվառ
Ինքնակործանման,
Ու տուր խոզերին...
Գտի՛ր քեզ, ո՛վ մարդ,
Գտիր, ու երբեք
Էլ մի կորցրու,
Եղիր ու մնա
Դու՝ ՄԱՐԴ – ԲԱՆԱԿԱՆ ..
April 29

Ծաղիկը

Բյուրեղապակյա ծաղիկը ննջում,
Ու երազում է բյուրեղապակյա դաշտերում զարթնել,
Ու որ հիանան իրենով ոչ թե
Ապակյա տուփում,
Այլ մի հասարակ,
Բյուրեղապակյա
Բլրակի լանջին...

Բյուրեղապակյա ծաղիկը ննջում,
Ու կանչն է լսում բյուրեղապակյա
Բյուր ծաղիկների,
Որոնք վաղուց են արդեն փշրվել
Դաշտերում վայրի...

Նա չի հասկանում, որ ինքը երբեք
Չի եղել ծաղիկ,
Նա եղել է լոկ
Բյուրեղապակյա, փխրուն արձանիկ...

February 26

Ներում

Ես ներում եմ քեզ,
Ներում եմ քեզ այն, որ չսիրեցի,
Որ դու չդարձար իմ լույսին հասու,
Որ ծիածանից իմ երազների՝ քեզ բաժին չեղավ,
Որ ծիծաղներդ իմ շուրթով չանցան,
Որ քո տոների վարդերը չքնաղ՝ իմ ձեռքով չեկան:
Ներում եմ ես քեզ,
Ներում եմ և այն,
Որ չլուսացրինք ոչ մի առավոտ մենք իրար գրկում,
Որ ոչ մի մանկիկ մեզ չհալեցրեց մեր իսկ անկողնում,
Ու մեր համբույրը ոչ մի լուսին էլ չօրհնեց իր օրում...
Ներում եմ ես քեզ ու օրհնում նաև,
Որ խենթությունդ միշտ ծիածանվի քո երկինքներում,
Որ չտառապես,
Որ լույսդ լինի ժպիտով լեցուն...
Որ... կարողանաս մի օր ինձ ներել այն բանի համար,
Որ կարողացա ներել քեզ հիմա...
Եվ, ով իմանա...
Գուցե մի օր էլ ես կարժանանամ
Իմ իսկ ներմանը...

ԳԻՇԵՐ

Գիշեր... իմ ընկեր, իմ հավատարիմ, իմ փնտրտուքներ, իմ սերեր, հուշեր... Քո մութ խորքերից ինձ աչքով անող, ինձ ծանոթ լույսեր, ինձ ծանոթ հույսեր... Գիշեր, իմ ընկեր, իմ անմեղություն, իմ առաջին մեղք, իմ առաջին երգ, առաջին ցնորք ու կիրք առաջին... Քո լռության մեջ ինչքան հուսահատ ճիչեր եմ խեղդել, ինչքան կաթիլներ սպասումիս մոմից... Գիշեր, իմ ընկեր, թույլ տուր ինձ նայել քո աչքերի մեջ, ու փնտրել այնտեղ իմ ինքնությունը, իմ մանկությունն ու երազները իմ, ու հետո... թույլ տուր աչքերս փակել ու մաքրիր ինձնից մղձավանջը այս. հոգնել եմ արդեն, գիշեր, սիրելիս...

Մագային... *** Մագային...

***

Դու կլանում ես թախիծս լույսե ու վերածում այն սիրո կրակի,
Ու խենթությունս անդորր է գտնում հայացքում քո ջինջ,
Եվ ջերմանալով մեղմ ճաճանչներից քո արեգակի`
Խենթ արթնությունս դանդաղ դառնում է ժպիտային նինջ
 
***
 
Գիտեմ, որ խենթ եմ,
Որ խաղում եմ ես,
Ու խաղադրույքն իմ կյանքն է, որ կա,
Գիտեմ, սիրելիս,
Սակայն իմացիր,
Որ երազանքն է խաչելությունս,
Ու տառապանքը՝ երգերիս հունը...
Տես ինձ այնպիսին,
Ինչպիսին կուզես,
Կամ էլ ինչպիսին կամ իրականում,
Միայն մի լքիր... ես սիրում եմ քեզ...

«Մշուշում»

***

Դու ինձ սիրիր,
Ինձ նվիրիր քո ժպիտից մի մասունք,
Քո վարսերի ծիածանից մի փնջիկ,
Քո աչքերից մի կաթիլ լույս ինձ նետիր,
Ու ինձ փոխիր, ու ինձ նոր կյանք ավետիր,
Հետո լցրու դու բաժակը իմ հույսի,
Ու թող հարբեմ քո շուրթերի կրակով,
Հետո... թեկուզ մանկան նման ինձ խաբիր,
Թեկուզ այրիր հաշիշե ցնորքն իմ այս,
Միայն հիմա դու շուրթերս համբուրիր,
Միայն հիմա իմ համբույրով դու բուրիր...

***

Ձեր աչքերից մի քիչ կրակ ինձ նվիրեք,
Որ իմ անգույն ներկան երկնի գույներ բազում,
Իմ մատուռում ձեր սրտերից մի մոմ դրեք,
Որ լուսանան առավոտներն իմ երազում:

Ախ, աղջիկներ, ինչպես եք դուք ինձ խենթացնում,
Մեկդ՝ արեւ խենթ ու խելառ, մյուսդ՝ մահ,
Ձեր աչքերի կրակով են երազներս տաղեր ծնում,
Ձեր համբույրի բորբ կրակի խենթ գերին եմ ես հիմա...

***

Նա թախիծ նվիրեց ու թախծեց,
Նա սիրեց ու երբեմն սիրվեց,
Նրա սիրտը երբեմն բացվեց,
Նրա սիրտը երբեմն բոցվեց:

Նա ապրեց, ու խռովքն իր կյանքի
Բաժանեց, նվիրեց ամենքին,
Իսկ վերջում, երբ չկար էլ ոչինչ՝
Նա այրվեց, մոխրացավ... մոռացվեց...

Հայտարարություն

Հայտարարություն...
Սերս եմ կորցրել,
Կորցրել եմ ինձ,
Կորցրել եմ հոգիս...
Ու եթե գտնեք՝ շատ եմ խնդրում ձեզ – ինձ վերադարձրեք...
Նա ասում էր ինձ, թե ես չեմ սիրում,
Թե իմ հոգու մեջ էլ կրակ չկա,
Նա ասում էր ինձ, թե խաբել եմ ես,
Ու չէր հասկանում, չէր պատկերացնում,
Որ ես՝ Հզորս, ես՝ Ճշմարտացիս՝
Կորցրել եմ սիրտս, կորցրել եմ հոգիս,
Ու մոլորվել եմ իմ իսկ երազում,
Ու մոլորվել եմ իմ իսկ երգերում,
Ու ինձ չեմ գտնում...
Հայտարարությու´ն.
Ես խենթությունն եմ կորցրել հոգուս,
Կարմիր ու կապույտ, ծիածանագույն,
Երբեմն խորունկ, երբեմն էլ տափակ...
Կամ մի քիչ ցինիկ, կամ էլ ռոմանտիկ,
Միջին չափերի խենթություն էր այն՝
Մի քիչ հնացած, բայց շատ սիրելի,
Ու եթե գտնեք՝ շատ եմ խնդրում ձեզ – ինձ վերադարձրեք,
Ես տակ չեմ մնա. ես ձեզ կսիրեմ...
Իսկ նա ասում է, թե ես չեմ սիրում,
Թե չի երևում հուրը աչքերիս...
Թե իմ շուրթերի կրակից ավաղ
Նա էլ չի այրվում...
Նա չի հասկանում,
Որ իմ շուրթերի կրակը այն տաք – հիմա էլ չկա,
Կորցրել եմ այն, և թափառում եմ ես իմ երազում,
Ու երազներիս լաբիրինթոսում
Մի քիչ սարդոստայն ու մի քիչ կարոտ լոկ հայտնաբերում,
Եվ հետո՝ հոգնած ու հուսահատված,
Նստում եմ մի չոր քարի կտորի՝
Բորբոսնած, այրված, կոտրված սրտի,
Որ վաղուց արդեն ընկած է այնտեղ,
Ու չի աշխատում...
Իսկ իմ սիրելին ինձ չի հասկանում,
Նա չի օգնում ինձ,
Նա չի տեսնում ինձ...
Նա ինձ չի սիրում...
Հայտարարությու՛ն...

Մենք...

Ես,
Դու,
Երկու...
Մենք դեռ երկու,
Բայց արդեն մեկ,
Մենք դեռ կիսատ,
Բայց Ամբողջից հեռու ենք լոկ մի համբույրով...
Մենք դեռ ծիլ ենք,
Բայց կծաղկենք,
Մենք մեզանով մեզ կհղկենք,
Կծառանանք
Ու կհասնենք երկինքներին
Մեր երազի...
Ես,
Դու,
Երկու...
Սակայն հոգիս ինձ հուշում է,
Որ մեր Մեկը դեռ կհառնի երազներից,
Կպարուրի հոգիները մեր կիսավառ
Ու կվառվի ամբողջական մի կրակով,
Մե΄ր կրակով...
Ես...
Դու...
Երկու...
Ճակատագրի կամքին հլու
Դեռ կփայլենք կամարում մեր երկինքների,
Դեռ կսփռենք ծիածանվող անուրջները
Մեր սրտերի,
Մեր մտքերի,
Եվ կլինենք անհաղթելի...

***... Առագաստը...

***

Քո առավոտը երեկոյիս մեջ
Դանդա՛ղ պարուրիր
Մշուշով լույսե,
Երազով բուրիր,
Հոգիս համբուրիր
Ու մի թող քնեմ ես ամբողջ գիշեր...
Նվիրիր ինձ սեր,
Նվիրիր հույզեր,
Որ ես խենթանամ իմ իսկ երազից...
Ա՜խ, կյա՛նք իմ, լու՛յս իմ,
Թույլ  տուր ինձ հալվել ձեռքիդ ափի մեջ,
Ու հետո...
Ըմպի՛ր կաթիլը սիրուս...
Թույլ տուր ինձ ձուլվել կրքիդ կրակին,
Ու մոխիր դարձած՝ փարվել քո կրծքին,
Թույլ տուր ինձ լինել քո ծաղկե շնչում,
Մերձենալ հոգուդ...
Ու անվերջ սիրել,
Անվերջ փայփայել մաշկդ մետաքսե,
Թույլ տուր քեզ սիրել...

Առագաստը

Իսկ հեռվում մի խելառ առագաստ
Օրորվում է դանդաղ
Ու պարում այս գիշեր հնարած
Ծովի երգը խելառ:

Առագաստ, իմ հույսի, կարոտի
Խելագար դու վկա,
Դե՛ պարիր ու վերքս ամոքիր.
Իմ սերը էլ չկա...

Ու թվում է, թե ես եմ այդ նույն
Առագաստը խելառ.
Խենթանում եմ, լալիս ու պարում
Այս ծովում խելագար:

Առագաստ, իմ հույսի, կարոտի
Խելագար դու վկա,
Դե՛ պարիր ու վերքս ամոքիր.
Իմ սերը էլ չկա...

Համբույր

Քո լույսից մի շող
Դու ինձ նվիրիր,
Ու մի ափսոսա,
Ու մի համարիր,
Թե ավելորդ են
Ճաճանչները քո...
Շուրթերդ մեղմիկ
Շուրթերիս հպիր...
Ու մի վախեցիր.
Համբույրից ոչ-ոք
Դեռ չի մահացել...
Քո սիրտը` սրտիս,
Քո լույսը` լույսիս,
Համբերությունդ՝ համբերությանս
Նվիրաբերիր...
Ու մի հեռացիր...
Մի թող ինձ մենակ այս աշխարհի հետ,
Երբեք մի լքիր...

Անցար

Անցար,
Ու մի վարդե շիկնանք
Ինձ նետեցիր քո այտերից,
Որ ես այրվեմ քո շիկնանքով:

Անցար,
Ու սեթևեթ մի հայացքով
Իմ հոգու մեջ քաոս դրիր,
Որ մոլորվեմ քո հայացքում:

Անցար,
Հեքիաթային փերու նման
Իմ երազն ինձ նվիրելով...
Որ ես քնած թե արթմնի՝ քեզ երազեմ...

Անցար
Ու ինձ նվիրեցիր
Ընդամենը մի քանի պահ,
Երկու հարված կյանքի վրձնով
Դեռ չավարտված իմ կտավին,
Երկու հպում հմուտ ձեռքով
Իմ խենթ հոգու խելառ կավին,
Որ այսուհետ քեզնով շնչեմ,
Քեզնով երկնեմ տաղերը իմ,
Ու... չիմանամ, թե ով ես դու:

Դու հեռացար,
Ինձ թողնելով շիկնած այտեր,
Մի բորբ ժպիտ,
Եվ սրտի խոլ մի տրոփյուն...

Քո շուրթերի կիսաբացից... Եվային...



Քո շուրթերի կիսաբացից
Իմ աշխարհն է կյանքով լցվել,
Քո շուրթերի կիսաբացից
Իմ խենթ սիրո արշալույսն է կրկին բոցվել:
Կարծես հավերժ քեզ եմ սիրել,
Կարծես ամեն համբույրիս մեջ քեզ եմ փնտրել,
Քեզ եմ գգվել կարծես ամեն իմ սիրո հետ...
..........................................................
Չեմ հասկանում, թե այս ի՞նչ է ինձ հետ եղել,
Թե ինչու՞ են իմ կործանվող  հոգու բոլոր երկինքները բոցավառվել,
Թե ինչու՞ է ամեն անգամ քեզ տեսնելիս իմ մարմինը տենդում այնպես,
Կարծես հիմա սիրտս պիտի ինձնից խլես...
......................................................
Ինչի՞ս էր պետք նորից այսպես խելագարվել,
Քո շուրթերի կիսաբացից...
Քո շուրթերի կիսաբացում
Ինձ համար մի նոր համբույրի երազ վառել,
Քո շուրթերի կիսաբացով այսպես գերվել,
Այսպես տարվել...
Այսպես անհույս ու անճամփա
Սիրահարվել...