Մուշեղ's profileԲարի Գալուստ Մուշեղ Յուզ...PhotosBlogNetwork Tools Help

Blog


    April 29

    Ծաղիկը

    Բյուրեղապակյա ծաղիկը ննջում,
    Ու երազում է բյուրեղապակյա դաշտերում զարթնել,
    Ու որ հիանան իրենով ոչ թե
    Ապակյա տուփում,
    Այլ մի հասարակ,
    Բյուրեղապակյա
    Բլրակի լանջին...

    Բյուրեղապակյա ծաղիկը ննջում,
    Ու կանչն է լսում բյուրեղապակյա
    Բյուր ծաղիկների,
    Որոնք վաղուց են արդեն փշրվել
    Դաշտերում վայրի...

    Նա չի հասկանում, որ ինքը երբեք
    Չի եղել ծաղիկ,
    Նա եղել է լոկ
    Բյուրեղապակյա, փխրուն արձանիկ...

    February 26

    Ներում

    Ես ներում եմ քեզ,
    Ներում եմ քեզ այն, որ չսիրեցի,
    Որ դու չդարձար իմ լույսին հասու,
    Որ ծիածանից իմ երազների՝ քեզ բաժին չեղավ,
    Որ ծիծաղներդ իմ շուրթով չանցան,
    Որ քո տոների վարդերը չքնաղ՝ իմ ձեռքով չեկան:
    Ներում եմ ես քեզ,
    Ներում եմ և այն,
    Որ չլուսացրինք ոչ մի առավոտ մենք իրար գրկում,
    Որ ոչ մի մանկիկ մեզ չհալեցրեց մեր իսկ անկողնում,
    Ու մեր համբույրը ոչ մի լուսին էլ չօրհնեց իր օրում...
    Ներում եմ ես քեզ ու օրհնում նաև,
    Որ խենթությունդ միշտ ծիածանվի քո երկինքներում,
    Որ չտառապես,
    Որ լույսդ լինի ժպիտով լեցուն...
    Որ... կարողանաս մի օր ինձ ներել այն բանի համար,
    Որ կարողացա ներել քեզ հիմա...
    Եվ, ով իմանա...
    Գուցե մի օր էլ ես կարժանանամ
    Իմ իսկ ներմանը...

    ԳԻՇԵՐ

    Գիշեր... իմ ընկեր, իմ հավատարիմ, իմ փնտրտուքներ, իմ սերեր, հուշեր... Քո մութ խորքերից ինձ աչքով անող, ինձ ծանոթ լույսեր, ինձ ծանոթ հույսեր... Գիշեր, իմ ընկեր, իմ անմեղություն, իմ առաջին մեղք, իմ առաջին երգ, առաջին ցնորք ու կիրք առաջին... Քո լռության մեջ ինչքան հուսահատ ճիչեր եմ խեղդել, ինչքան կաթիլներ սպասումիս մոմից... Գիշեր, իմ ընկեր, թույլ տուր ինձ նայել քո աչքերի մեջ, ու փնտրել այնտեղ իմ ինքնությունը, իմ մանկությունն ու երազները իմ, ու հետո... թույլ տուր աչքերս փակել ու մաքրիր ինձնից մղձավանջը այս. հոգնել եմ արդեն, գիշեր, սիրելիս...

    Մագային... *** Մագային...

    ***

    Դու կլանում ես թախիծս լույսե ու վերածում այն սիրո կրակի,
    Ու խենթությունս անդորր է գտնում հայացքում քո ջինջ,
    Եվ ջերմանալով մեղմ ճաճանչներից քո արեգակի`
    Խենթ արթնությունս դանդաղ դառնում է ժպիտային նինջ
     
    ***
     
    Գիտեմ, որ խենթ եմ,
    Որ խաղում եմ ես,
    Ու խաղադրույքն իմ կյանքն է, որ կա,
    Գիտեմ, սիրելիս,
    Սակայն իմացիր,
    Որ երազանքն է խաչելությունս,
    Ու տառապանքը՝ երգերիս հունը...
    Տես ինձ այնպիսին,
    Ինչպիսին կուզես,
    Կամ էլ ինչպիսին կամ իրականում,
    Միայն մի լքիր... ես սիրում եմ քեզ...

    «Մշուշում»

    ***

    Դու ինձ սիրիր,
    Ինձ նվիրիր քո ժպիտից մի մասունք,
    Քո վարսերի ծիածանից մի փնջիկ,
    Քո աչքերից մի կաթիլ լույս ինձ նետիր,
    Ու ինձ փոխիր, ու ինձ նոր կյանք ավետիր,
    Հետո լցրու դու բաժակը իմ հույսի,
    Ու թող հարբեմ քո շուրթերի կրակով,
    Հետո... թեկուզ մանկան նման ինձ խաբիր,
    Թեկուզ այրիր հաշիշե ցնորքն իմ այս,
    Միայն հիմա դու շուրթերս համբուրիր,
    Միայն հիմա իմ համբույրով դու բուրիր...

    ***

    Ձեր աչքերից մի քիչ կրակ ինձ նվիրեք,
    Որ իմ անգույն ներկան երկնի գույներ բազում,
    Իմ մատուռում ձեր սրտերից մի մոմ դրեք,
    Որ լուսանան առավոտներն իմ երազում:

    Ախ, աղջիկներ, ինչպես եք դուք ինձ խենթացնում,
    Մեկդ՝ արեւ խենթ ու խելառ, մյուսդ՝ մահ,
    Ձեր աչքերի կրակով են երազներս տաղեր ծնում,
    Ձեր համբույրի բորբ կրակի խենթ գերին եմ ես հիմա...

    ***

    Նա թախիծ նվիրեց ու թախծեց,
    Նա սիրեց ու երբեմն սիրվեց,
    Նրա սիրտը երբեմն բացվեց,
    Նրա սիրտը երբեմն բոցվեց:

    Նա ապրեց, ու խռովքն իր կյանքի
    Բաժանեց, նվիրեց ամենքին,
    Իսկ վերջում, երբ չկար էլ ոչինչ՝
    Նա այրվեց, մոխրացավ... մոռացվեց...

    Հայտարարություն

    Հայտարարություն...
    Սերս եմ կորցրել,
    Կորցրել եմ ինձ,
    Կորցրել եմ հոգիս...
    Ու եթե գտնեք՝ շատ եմ խնդրում ձեզ – ինձ վերադարձրեք...
    Նա ասում էր ինձ, թե ես չեմ սիրում,
    Թե իմ հոգու մեջ էլ կրակ չկա,
    Նա ասում էր ինձ, թե խաբել եմ ես,
    Ու չէր հասկանում, չէր պատկերացնում,
    Որ ես՝ Հզորս, ես՝ Ճշմարտացիս՝
    Կորցրել եմ սիրտս, կորցրել եմ հոգիս,
    Ու մոլորվել եմ իմ իսկ երազում,
    Ու մոլորվել եմ իմ իսկ երգերում,
    Ու ինձ չեմ գտնում...
    Հայտարարությու´ն.
    Ես խենթությունն եմ կորցրել հոգուս,
    Կարմիր ու կապույտ, ծիածանագույն,
    Երբեմն խորունկ, երբեմն էլ տափակ...
    Կամ մի քիչ ցինիկ, կամ էլ ռոմանտիկ,
    Միջին չափերի խենթություն էր այն՝
    Մի քիչ հնացած, բայց շատ սիրելի,
    Ու եթե գտնեք՝ շատ եմ խնդրում ձեզ – ինձ վերադարձրեք,
    Ես տակ չեմ մնա. ես ձեզ կսիրեմ...
    Իսկ նա ասում է, թե ես չեմ սիրում,
    Թե չի երևում հուրը աչքերիս...
    Թե իմ շուրթերի կրակից ավաղ
    Նա էլ չի այրվում...
    Նա չի հասկանում,
    Որ իմ շուրթերի կրակը այն տաք – հիմա էլ չկա,
    Կորցրել եմ այն, և թափառում եմ ես իմ երազում,
    Ու երազներիս լաբիրինթոսում
    Մի քիչ սարդոստայն ու մի քիչ կարոտ լոկ հայտնաբերում,
    Եվ հետո՝ հոգնած ու հուսահատված,
    Նստում եմ մի չոր քարի կտորի՝
    Բորբոսնած, այրված, կոտրված սրտի,
    Որ վաղուց արդեն ընկած է այնտեղ,
    Ու չի աշխատում...
    Իսկ իմ սիրելին ինձ չի հասկանում,
    Նա չի օգնում ինձ,
    Նա չի տեսնում ինձ...
    Նա ինձ չի սիրում...
    Հայտարարությու՛ն...

    Մենք...

    Ես,
    Դու,
    Երկու...
    Մենք դեռ երկու,
    Բայց արդեն մեկ,
    Մենք դեռ կիսատ,
    Բայց Ամբողջից հեռու ենք լոկ մի համբույրով...
    Մենք դեռ ծիլ ենք,
    Բայց կծաղկենք,
    Մենք մեզանով մեզ կհղկենք,
    Կծառանանք
    Ու կհասնենք երկինքներին
    Մեր երազի...
    Ես,
    Դու,
    Երկու...
    Սակայն հոգիս ինձ հուշում է,
    Որ մեր Մեկը դեռ կհառնի երազներից,
    Կպարուրի հոգիները մեր կիսավառ
    Ու կվառվի ամբողջական մի կրակով,
    Մե΄ր կրակով...
    Ես...
    Դու...
    Երկու...
    Ճակատագրի կամքին հլու
    Դեռ կփայլենք կամարում մեր երկինքների,
    Դեռ կսփռենք ծիածանվող անուրջները
    Մեր սրտերի,
    Մեր մտքերի,
    Եվ կլինենք անհաղթելի...

    Համբույր

    Քո լույսից մի շող
    Դու ինձ նվիրիր,
    Ու մի ափսոսա,
    Ու մի համարիր,
    Թե ավելորդ են
    Ճաճանչները քո...
    Շուրթերդ մեղմիկ
    Շուրթերիս հպիր...
    Ու մի վախեցիր.
    Համբույրից ոչ-ոք
    Դեռ չի մահացել...
    Քո սիրտը` սրտիս,
    Քո լույսը` լույսիս,
    Համբերությունդ՝ համբերությանս
    Նվիրաբերիր...
    Ու մի հեռացիր...
    Մի թող ինձ մենակ այս աշխարհի հետ,
    Երբեք մի լքիր...

    Անցար

    Անցար,
    Ու մի վարդե շիկնանք
    Ինձ նետեցիր քո այտերից,
    Որ ես այրվեմ քո շիկնանքով:

    Անցար,
    Ու սեթևեթ մի հայացքով
    Իմ հոգու մեջ քաոս դրիր,
    Որ մոլորվեմ քո հայացքում:

    Անցար,
    Հեքիաթային փերու նման
    Իմ երազն ինձ նվիրելով...
    Որ ես քնած թե արթմնի՝ քեզ երազեմ...

    Անցար
    Ու ինձ նվիրեցիր
    Ընդամենը մի քանի պահ,
    Երկու հարված կյանքի վրձնով
    Դեռ չավարտված իմ կտավին,
    Երկու հպում հմուտ ձեռքով
    Իմ խենթ հոգու խելառ կավին,
    Որ այսուհետ քեզնով շնչեմ,
    Քեզնով երկնեմ տաղերը իմ,
    Ու... չիմանամ, թե ով ես դու:

    Դու հեռացար,
    Ինձ թողնելով շիկնած այտեր,
    Մի բորբ ժպիտ,
    Եվ սրտի խոլ մի տրոփյուն...